Հաճախորդների սպասարկում

Որակյալ սպասարկումը Artyom’s ընկերության կարևորագույն առանձնահատկություններից մեկն է: Դրա շնորհիվ է, որ մենք կարողանում ենք պահպանել ոչ միայն մեր զարդերի յուրահատկությունն ու փայլը, այլև ստղծում ենք երկարաժամկետ հարաբերություններ մեր հաճախորդների հետ, որը հիմնված է փոխադարձ վստահության վրա:
Artyom’s բրենդի զարդերի բնօրինակ գեղեցկությունն ու հմայքը պահպանելու համար Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում զարդերի խնամքի հետ կապված մի քանի խորհուրդներ:
Եթե որևէ տեղեկություն Ձեզ համար հասանելի չէ, կաորղ եք այցելել մեր խանութ սրահ կամ պարզապես կապ հաստատել մեզ հետ՝ զանգահարելով  կամ գրելով մեր էլ. հասցեին:

  • Խուսափե՛ք զարդերը կրել`
    1. երբ մարզասրահում եք կամ պետք է զբաղվեք ակտիվ սպորտային գործունեությամբ,
    2. երբ պետք է գնաք լողափ, շոգեբաղնիք կամ թուրքական բաղնիք,
    3. երբ կատարում եք այնպիսի կենցաղային աշխատանք, որի ընթացքում ստիպված եք շփվել քայքայիչ նյութերի, տարբեր յուղերի կամ քիմիկատների հետ,
    4. երբ զբաղվում եք այգեգործությամբ կամ հողագործությամբ,
    5. լվացվելիս, դիմահարդարման պարագաներ և օծանելիք օգտագործելիս,
    6. խուսափեք տարբեր հարվածներից, ինչպես նաև ջերմային կտրուկ տատանումներից:
  • Պահպանում

    Պահպանե՛ք Ձեր զարդերը հատուկ նախատեսված տուփերի մեջ՝ այնպես, որ զարդերը միմյանց չհպվեն, որպեսզի խուսափեք քերծվածքներից:
    Artyom’s բրենդի զարդերի համար նախատեսված տուփերը թավշեպատ են, ինչպես նաև զարդի հետ տրամադրվում է հատուկ փափուկ կտոր՝ նախատեսված մաքրելու համար:
    Բնական թանկարժեք քարերից (ադամանդ, զմրուխտ, մարգարիտ, ալեքսանդրիտ, շափյուղա, սուտակ  և այլն) պատրաստված զարդերի դեպքում անհրաժեշտ է ցուցաբերել առավելագույն ուշադրություն քարերի նկատմամբ: Բոլոր այն զարդերը, որոնց վրա կան բնական թանկարժեք քարեր, անհրաժեշտ է պահել այնպես, որ չենթարկվեն ջերմաստիճանային տատանումների կամ չգտնվեն անմիջապես արևի լույսի ներքո, քանի որ բնական քարերի մեծամասնությունն արևի ուղիղ ճառագայթներից կարող են փոխել իրենց գույնը:

  • Առավել ուշադիր խնամք պահանջող բնական քարեր

    Ծիածանաքար/օպալ

    Ի տարբերություն մյուս քարերի, այս քարը զարմանալի հատկությամբ է օժտված: Այն, հայտնվելով ջրի մեջ, ամբողջությամբ կորցնում է իր վառ գունային երանգները և դառնում թափանցիկ: Չորացնելուց հետո այն վերականգնում է իր գույները՝ սակայան արդեն մի քիչ ավելի խամրած երանգներով: Եթե դուք ցանկանում եք պահպանել այս քարի նախնական տեսքն ու վառ գույները, պարզապես խուսափեք ջրի հետ նրա շփումից:

    Մարգարիտ

    Մարգարիտն իր մեջ պարունակում է օրգանական նյութ, որը ժամանակի ընթացքում չորանում է ու փտում՝ սահմանելով մարգարտի կյանքի տևողությունը՝ մի ժամանակահատված, որի ընթացքում մարգարիտն աստիճանաբար խամրում է, շերտավորվում և քայքայվում։ Սակայն, ճիշտ խնամքի դեպքում, դրանց կյանքը կարելի է երկարաձգել մինչև 200 տարի։ Դա իրականացնելու համար նախ պետք է այն անընդհատ կրել։ Չի կարելի մարգարիտը պահել շատ խոնավ կամ շատ չոր վայրերում, ինչպես նաև՝ երկար թողնել արևի տակ։ Իսկ եթե մարգարիտը խամրել է, ապա պետք է այն լվանալ աղաջրով և մշակել ածխաթթվի կալցիումով, ապա՝ եթերով։ Կարելի է նաև լվանալ թույլ օճառաջրով և փայլեցնել աղաթթվում թրջած լաթով կամ խցանածառի փոշով։ Մարգարտի երկարակեցությունը պահպանելու համար խորհուրդ է տրվում նաև մարգարտյա զարդերը լողանալուց առաջ հանել, հնարավորինս խուսափել դրանց շփումից օծանելիքի, յուղերի, սոսնձի հետ։

  • Ընդհանուր խնամք

    Զարդերը կարող եք մաքրել գոլացրած pH-բնական օճառով, իսկ այնուհետև թարմ գոլ ջրով, որից  հետո անհրաժեշտ է այն չորացնել և փայլեցնել հատուկ նախատեսված փափուկ կտորով: Այս արագ և հասանելի մաքրման եղանակը Ձեզ կտա հնարավորություն պահպանելու Ձեր զարդի փայլը և շքեղությունը:

     

  • Փայլեցում

    Ամենօրյա օգտագործման ընթացքում, շփվելով տարբեր  մակերևույթների հետ, տարիներ անց հնարավոր է, որ զարդը կորցնի իր նախնական փայլը կամ նրա վրա հայտնվեն փոքր բծեր: Այդ իսկ պատճառով Ձեզ խորհուրդ ենք տալիս օգտվել փայլեցում ծառայությունից:
    Միայն մեր փորձառու մասնագետները կարող են խնամքով վերամշակել, փայլեցնել (հատուկ օկիսխրոմ կոչվեղ նյութով) և զարդին վերադարձնել նախնական փայլուն մակերևույթն ու գեղագիտական տեսքը:
    Անհրաժեշտ է խուսափել խորը հղկումից, քանի որ դրա արդյունքում հնարավոր է ձևափոխվի զարդի նախնական տեսքը:

    Սպիտակ ոսկուց զարդերի առանձնահատկությունները

    Սպիտակ ոսկուց մեր զարդերը պարտադիր ռոդիումապատ են: Ռոդիումապատումը հնարավորություն է տալիս ստանալու հատուկ սպիտակ փայլ: Յուրաքանչյուր ռոդիումապատ զարդ փայլեցնելուց առաջ պետք  մաքրել, ապա փայլեցնել և նորից ռոդիումապատել:

    Ի՞նչ է ռոդիումը:

    Ռուդիումը պլատինե ընտանիքի հազվագյուտ և թանկարժեք մետաղ է:
    Բարակ շերտով պատվելով սպիտակ ոսկու մակերևույթին՝ այն առավել է ընդգծում ոսկու փայլն ու շքեղությունը:

  • Չափսերի փոփոխման ծառայություն

    Հաճախորդի հարմարավետության համար, հնարավոր է կատարել զարդի չափսի փոփոխություն: Դա բացառապես կախված է կոնկրետ զարդի մոդելից և պահանջվող չափսից: Չափսի փոփոխությունը տեխնիկապես հնարավոր է, սակայն խորհուրդ է տրվում Artyom’s բրենդից գնված զարդերի չափսերի փոփոխության հետ կապված հարցերի դեպքում դիմել Artyom’s ոսկերչական տուն: Միայն մեր մասնագետները կարող են գնահատել՝ արդյո՞ք հնարավոր է տվյալ զարդի չափսի փոոխությունը, թե՝ ոչ, ապա միայն հնարավոր կլինի երաշխավորել տվյալ զարդի ամբողջականության պահպանումը՝ չափսի փոփոխությունից հետո:

  • Փորագրության ծառայություն

    Artyom’s բրենդի զարդերը կարող եք անհատականացնել՝ ի հիշատակ որևէ երջանիկ իրադարձության՝ նշանադրություն, հարսանիք, ծնունդ՝ փորագրելով Ձեր սիրելիի անվան սկզբնատառերը կամ ամսաթիվ և այլն: Սակայն պետք է հաշվի առնել, որ այդ հնարավորությունը բացառապես կախված է մոդելից և ցանկալի փորագրությունից:

    Փորագրության ծառայությունը տեխնիկապես հնարավոր է, բայց պարտադիր է, որ դա կատարեն մեր մասնագետները, որպեսզի հնարավոր լինի երաշխավորել դրա որակը և զարդի ամբողջականության պահպանումը:

  • Քարերի փոփոխություն

    Այս ծառայությունը Artyom’s ոսկերչական տունը նույնպես մատուցում է իր հաճախորդներին: Եթե Ձեզ դուր է գալիս որևէ զարդ, սակայան ցանկություն ունեք փոխարինելու զարդի վրայի թանկարժեք բնական քարը մեկ այլ քարով, ապա մեր մասնագետները այս հարցում ևս կարող են Ձեզ աջակցել: Ծառայությունը հնարավոր է իրականացնել՝ ելնելով Ձեր նախընտրած մոդելի և փոխարինվող քարի առանձնահատկություններից:

 *Բոլոր ծառայությունները իրականացվում են 1-3 աշխատանքային օրվա ընթացքում